գլխավոր Իրադարձային Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում վարչական պատասխանատվություն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ

Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում վարչական պատասխանատվություն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Հանրային ծառայության մասին» օրենքում և մի շարք այլ օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման, պահանջների անհամատեղելիության և նվերների ինստիտուտի վերաբերյալ առկա օրենսդրական լուծումների կատարելագործման, ինչպես նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար սահմանվել է վարչական պատասխանատվություն:

«Նախագծերի փաթեթով նախատեսվել է, որ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ այլ անձանց կողմից հրապարակային կարգով տրվող արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն:

Սկզբնական տարբերակում հաշվառման են ենթարկվելու բոլոր այն նվերները, որոնք, օրենքի նախագծին համահունչ, պետք է հաշվառվեին, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի իրադարձությունների ժամանակ ունենք հրապարակայնության կոմպոնենտը, մեր համապատասխան պաշտոնատար անձանց ծանրաբեռնվածությունը չմեծացնելու համար նախատեսվում է, որ այս դեպքում արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն լինելու:

Նախատեսվում է նաև փոխկապակցված անձանց շրջանակը փոփոխել, դրանից հանել հետևյալ անձանց՝ պապ, տատ, թոռ, մորաքույր, հորաքույր, հորեղբայր, մորեղբայր, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր զավակի ամուսինները»,- ասել է Սարգսյանը: