գլխավոր Քաղաքականություն Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «Հայաստանը խելքի կգա»

Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «Հայաստանը խելքի կգա»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով օգուտ կստանա այն նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել են Հայաստանի տարածքում: Քալընի խոսքով ՝ քննարկվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սահմանների բացման ժամանակ, ինչպես նաև կամուրջների վերանորոգման, սահմանային վերահսկողության, անցակետերի հետ կապված հարցեր։

«Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես խելքի կգա և նույնպես կշահի նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով», – Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը։

Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները, երկու երկրների միջև սահմանը փակվել է 1993 թվականից՝ Անկարայի նախաձեռնությամբ:

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։