
«Մանկական Եվրատեսիլ 2022» միջազգային երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող Նարե Ղազարյանն իր «Dance» երգով հանդես կգա 15 համարի ներքո։ Վիճակահանությունը տեղի է ունեցել քիչ առաջ` Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Նշենք, որ այս տարի Հայաստանում մեկ հարկի տակ են համախմբվելու 16 երկրի ներկայացուցիչ։ Մրցույթն անցկացվելու է դեկտեմբերի 11-ին։Առաջին համարի ներքո ելույթ կունենա Նիդեռլանդների ներկայացուցիչը, մրցույթը կեզրափակի Ուկրաինան։
Շոուները տեղի են ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Այս տարի երգի մրցույթն իր 20-րդ պտույտն է կատարում արևի շուրջը, այդ պատճառով ընտրվել է «Պտտի՛ր հրաշքը» կարգախոսը, իսկ խորհրդանիշը միջազգայնորեն ճանաչված խաղալիքն է` հոլը, որի այս տեսակը հատուկ է հայկական մշակույթին և զարդարված է ազգային նախշերով։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող 14-ամյա Մալենան հաղթել էր «Մանկական Եվրատեսիլ 2021»–ում։ Մրցույթն ընթացել էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Մալենան կատարել էր «Քամի–քամի» երգը։