գլխավոր Քաղաքականություն Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլը կարող...

Խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների երրորդ փուլը կարող է անցկացվել մինչև տարեվերջ․ Բայրամով

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների երրորդ փուլը կարող է անցկացվել մինչև այս տարեվերջ, Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը կրկին ընդգծել է Ադրբեջանի առաջադրած 5 «հիմնարար սկզբունքների» մասին, որոնք այդ երկիրը դիտարկում է «խաղաղության պայմանագրի» հիմքում։

«Ադրբեջանը 5 բազային սկզբունքների հիմքով պատրաստել և հայկական կողմին է ներկայացրել պայմանագրի նախագիծը։ Դրան հաջորդել են բանակցությունների երկու փուլեր։ Ադրբեջանական կողմի մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն ներկայացվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև տարեվերջ հնարավոր է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլն անցկացնել»,- ասել է Բայրամովը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը «շահագրգռված է» արագ ավարտել «խաղաղության պայմանագրի» կնքման գործընթացը։