գլխավոր Աշխարհ Սիրիայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու հնարավորություն կա․ Պեսկով

Սիրիայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու հնարավորություն կա․ Պեսկով

Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հանդիպումը Ռուսաստանում կազմակերպելու պոտենցիալ հնարավորություն կա, բայց այդ հարցում դեռ չկա հստակություն, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝  պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ  Սիրիայի և Թուրքիայի նախագահների հանդիպումը Ռուսաստանում կազմակերպվի։

«Այդ հարցի շուրջ հստակ ոչինչ դեռ չկա, բայց հանդիպումը կազմակերպելու պոտենցիալ հնարավորություն կա»,- այս առնչությամբ ասել է Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է հայտարարել, որ Սիրիայում և տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար երկու երկրների՝ Սիրիայի և Թուրքիայի ղեկավարների միջև շփումները ողջունելի են։

«Իհարկե, ռուսական կողմը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»,- հավելել է ՌԴ նախագահի խոսնակը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հանդիպման իրականացման կոնկրետ արդյունքների մասին խոսելը վաղ է։