գլխավոր Իրադարձային «Չինաստանը մարտահրավեր չէ, այլ հնարավորությունների երկիր՝ ամբողջ աշխարհի համար»․ ՉԺՀ ԱԳՆ-ից պատասխանել...

«Չինաստանը մարտահրավեր չէ, այլ հնարավորությունների երկիր՝ ամբողջ աշխարհի համար»․ ՉԺՀ ԱԳՆ-ից պատասխանել են ԱՄՆ-ին ու Ֆրանսիային

Չինաստանն ամբողջ աշխարհի համար հնարավորությունների երկիր է, ոչ թե մարտահրավեր, հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների միջև կայացած բանակցությունների արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունը, որում նշված է, որ կողմերը մտադիր են համակարգել իրենց գործողությունները՝ «Չինաստանի կողմից առկա մարտահրավերները հաղթահարելու գործում»։

«Չինաստանը, բնականաբար, մարտահրավեր ներկայացնող կողմ չէ։ Չինաստանը հնարավորությունների երկիր է՝ ամբողջ աշխարհի համար»,- այս առնչությամբ ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Չինաստանը դեմ չէ, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան նորմալ հարաբերություններ զարգացնեն, բայց դա չպետք է վնաս հասցնի երրորդ կողմի շահերին։ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չպետք է Չինաստանը քննարկման առարկա դարձնեն»,- հավելել է նա։

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև կայացած բանակցությունների արդյունքով ընդունված համատեղ հայտարարությունում նշված է, որ «ԱՄՆ-ն ու Ֆրանսիան նախատեսում են համակարգել գործողությունները՝ համընդհանուր կանոնների վրա հիմնված աշխարհակարգի դեմ Չինաստանից բխող մարտահրավերներին դիմակայելու հարցում»։ Միևնույն ժամանակ ենթադրվում է Պեկինի հետ համագործակցություն՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ։