գլխավոր Իրադարձային Երևանում «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի ընթացքում հնչելու են նախորդ 19 տարում հաղթած երգերը

Երևանում «Մանկական Եվրատեսիլ-2022»-ի ընթացքում հնչելու են նախորդ 19 տարում հաղթած երգերը

Երևանում դեկտեմբերի 11-ին կայանալիք 20-րդ «Մանկական Եվրատեսիլի» միջանկյալ ելույթներից մեկում հնչելու են նախորդ 19 տարվա հաղթող երգերը: Տեղեկությունը հայտնում է «Առաջին ալիքը»։

Նշվում է, որ «Մանկական Եվրատեսիլում» իր երկրին հաղթանակ բերած 11 արտիստները ժամանելու են Երևան և բեմում կատարելու են իր հաղթական երգից մի հատված:Հայաստանում ելույթ են ունենալու «Բզիբեկի» խումբը (2008թ., Վրաստան), Ռալֆ Մաքենբախը (2009թ., Նիդեռլանդներ), Վլադիմիր Արզումանյանը (2010թ., Հայաստան), Candy խումբը (2011թ., Վրաստան), Գայա Կաուկին (2013թ., Մալթա), Վինչենցո Քանտիելլոն (2014թ., Իտալիա), Դեսթինի Չուկունյերեն (2015թ., Մալթա), Մարիամ Մամադաշվիլին (2016թ., Վրաստան), Վիկի Գաբորը (2019թ., Լեհաստան), Վալենտինան (2020թ., Ֆրանսիա) և Մալենան (2021թ., Հայաստան):

«Մյուս 8 երգերը կկատարի Տավուշի թեմի մանկապատանեկան երգչախումբը, քանի որ այդ մասնակիցները ներկա չեն լինելու շոուին։ Միջանկյալ այս ելույթի գլխավոր հերոսներից մեկը Ռոբինն է, որը ներկայացնելու է մրցույթի պատմությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:Միջանկյալ ակտերում ելույթ են ունենալու նաև «Եվրատեսիլ-2022»-ի հայաստանյան պատվիրակ Ռոզա Լինը և «Մանկական Եվրատեսիլ-2021»-ում հաղթած Մալենան:

Հիշեցնենք` «Մանկական Եվրատեսիլ-2022» միջազգային երգի 20-րդ մրցույթը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին Երևանում։ Մրցույթին մասնակցելու է 16 երկիր` Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա, Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա։Կարգախոսը լինելու է «Պտտի՛ր հրաշքը»։