գլխավոր Իրադարձային Երևան համայնքին պատճառվել է 15 միլիոն դրամից ավելի վնաս. Մեղադրվում է Երևանի...

Երևան համայնքին պատճառվել է 15 միլիոն դրամից ավելի վնաս. Մեղադրվում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնյա

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ֆինանսավարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա իրականացված ստուգողական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով զուգորդված, ծառայողական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցանքների մասին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանության լրատվության բաժինը։

«Մասնավորապես, տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետը, ընդգրկված լինելով Երևանի քաղաքապետարանի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի կազմում, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված աղդեցությունն օգտագործել է ի վնաս պետական շահերի՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում բազմաբնակարան շենք կառուցելու նպատակով։ Նա, նախնական համաձայնություն ձեռք բերելով նույն հանձնաժողովի մյուս պաշտոնատար անձանց հետ, խախտել է հրապարակային սակարկությունների անցկացման կարգը։ 2013 թվականի սեպտեմբերի 16-ին փաստացի չկայացած, բովանդակությունն աղավաղված պաշտոնական շրջանառության ենթակա աճուրդի նիստի թիվ 1 արձանագրության հիմքով կազմակերպել է 250 քմ մակերեսով հողամասն ընդամենը 10 միլիոն 500 դրամով իր հետ փոխկապակցված անձին օտարելու, ինչպես նաև Երևանի քաղաքապետի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի համապատասխան որոշման հիման վրա անձի հետ հողամասի օտարման պայմանագիր կնքելու, ապա նույն օրը բնակելի և հասարակական կառուցապատման աշխատանքներ իրականացնելու ճարտարապետահատակագծային առաջադրանք, իսկ 2015 թվականի մայիսի 6-ին՝ բնակելի և հասարակական նշանակության կառուցապատում իրականացնելու համար 36 ամիս ժամկետով շինարարության թույլտվություն տրամադրելու ապօրինի գործընթացները։

Այնուհետև, խախտելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, ընդլայնման նպատակով 2016 թվականի մայիսի 11-ին կազմակերպել է նշված հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 195 քմ մակերեսով հողամասն ընդամենը 4 միլիոն 943 հազար դրամով, ուղղակի վաճառքի եղանակով, նույն անձին օտարելու, իսկ 2018 թվականի մարտի 30-ին մինչև 5 հարկանի նկուղային կամ կիսանկուղային հարկով բնակելի և հասարակական նշանակության շինության կառուցման աշխատանքային նախագիծ։ 2018 թվականի ապրիլի 25-ին էլ կազմակերպել է 36 ամիս ժամկետով բնակելի և հասարակական նշանակության շինության շինթույլտվություն տրամադրելու ապօրինի գործընթացները, ապա վերոգրյալ հողամասերում արդեն իսկ կառուցված 1117 քմ մակերեսով անավարտ շինությունը 2018 թվականի մայիսի 5-ին ձևական նվիրատվության պայմանագրի հիման վրա գրանցել է կնոջ, որդիների և հարսների անուններով՝ այդ կերպ Երևան համայնքի օրինական շահերին պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 15 միլիոն 443 հազար դրամի վնաս։
Փաստի առթիվ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։