գլխավոր Քաղաքականություն «Թե ինչքանո՞վ է ՌԴ-ն կարող ԼՂ հարցը սերունդներին թողնելու իր առաջարկն իրականություն...

«Թե ինչքանո՞վ է ՌԴ-ն կարող ԼՂ հարցը սերունդներին թողնելու իր առաջարկն իրականություն դարձնել, հարց է». Աղաջանյան

«Եթե մենք պայմանավորվածություն ունենք, որ կարգավիճակի մասին խոսակցությունները պետք է թողնել ապագա սերունդներին, ենթադրվում է, որ այս պահի դրությամբ դրա մասին խոսելը առնվազն մեր փոխադարձ պայմանավորվածություններից դուրս է»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարություններին՝ Աղաջանյանն ասել է․ «Բանակցությունների ընթացքը և դրանց մանրամասները հրապարակվել են։ Այսինքն՝ ոչ Սերգեյ Լավրովն է որևէ նոր բան ասել, ոչ ես կարող եմ ավելացնել։ Ես կարծում եմ՝ Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրին հղում տալով՝ որևէ հնարավորություն չի կորսվել, դրա արդյունքում չի նշանակում, որ տևական ժամանակ անց հնարավորություն չի լինի կարգավիճակին անդրադառնալ։ Իրականում հետագային թողնելու առաջարկը եղել է Ռուսաստանի կողմից, դրան հայկական կողմը համաձայնել է։ Ենթադրվում է, որ դրա հնարավորությունների և անհնարինության գնահատումը, այո, պետք է Ռուսաստանի կողմից հնչի՝ պայմանավորված նրանով, թե Ռուսաստանը որպես միջնորդ ինչքանով է կարողանում այդ առաջարկներն իրողություն դարձնել։ Այդ հարցը ոչ մի կերպ կապված չէ Ալմաթիի փաստաթղթի հետ, միայն ու միայն կապված է նրա հետ, թե ստեղծված իրավիճակում ինչքանո՞վ մեր Ռուսաստանի գործընկերները կարող են այդ առաջարկն իրողություն դարձնել»,- ասել է նա։