գլխավոր Հասարակություն Մինչև 2024 թ. կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Մինչև 2024 թ. կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը. ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց նախագծին

Հայաստանում ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը:

«Արմենպրես»ի փոխանցմամբ՝«Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստացել է դրական եզրակացությունը:

Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը հայտնել է, որ նախագծով նախատեսվում է ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի համապատասխան որոշմամբ նախատեսված անձնագրերի տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: Իսկ նույնականացման քարտերը տրամադրել առանց էլեկտրոնային պահոցի՝ մինչև ՀՀ կառավարության որոշմամբ դրանց բնութագիր սահմանելը: Էլեկտրոնային պահոցով նույնականացման քարտերը նախատեսվում է տրամադրել մինչև 2023 թվականի փետրվարի 15-ը, իսկ էլեկտրոնային պահոց չպարունակող նույնականացման քարտերը՝ 2023 թվականին փետրվարի 15-ից:

«Բացի այդ ժամանակավորապես՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը»,-ասել է Ֆիդանյանը:

Այսպիսով` նախագծով սահմանվում է, որ 2023 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը դադարեցվում է սույն օրենքով նախատեսված անձնագրերի տրամադրումը (փոխանակումը): Իսկ մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրված անձնագրերը համարվում են վավեր:

Օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 30-ից: