գլխավոր Գլխավոր Ադրբեջանը լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր սահմանին հնչող կրակոցները...

Ադրբեջանը լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր սահմանին հնչող կրակոցները չեն խոսում խաղաղության օրակարգի մասին. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության խորհրդարանի և անձամբ իմ անունից շնորհակալություն ենք հայտնում Ֆրանսիայի Ստորին պալատի՝ Ազգային ժողովի պատգամավորներին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ միաձայն ընդունած բանաձևի համար: Այս մասին իր հայտարարության մեջ նշել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

«Ողջունում ենք Ֆրանսիայի Ստորին պալատի քաղաքական բոլոր ուժերի միաձայնությունը՝ Հայաստանում և Արցախում ներկայումս ստեղծված իրավիճակի շուրջ և երախտագիտությամբ արձանագրում այն ուշադրությունն ու մտահոգությունը, որ 2020թ աշնանային պատերազմի սկիզբից ի վեր ցուցաբերվում է ստեղծված իրավիճակով պայմանավորված:

Ադրբեջանը  լուրջ սպառնալիք է հայկական պետականության համար, ամեն օր սահմանին հնչող կրակոցները չեն խոսում, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հետ:

Նման բովանդակության բանաձևի ընդունումը կարևոր քայլ է նաև տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, քանի որ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը լուրջ վտանգներ է ստեղծում:

Երախտագիտություն ենք հայտնում Ֆրանսիայի մեր գործընկերներին սկզբունքային դիրքորոշման համար»,- ասված է հայտարարության մեջ: