գլխավոր Քաղաքականություն Բայրամովը դժգոհել է ԵԱՀԿ-ից

Բայրամովը դժգոհել է ԵԱՀԿ-ից

Ադրբեջանը տարիներ շարունակ ԵԱՀԿ-ում կոնսենսուսի չարաշահման զոհ է դարձել։  ТАСС-ի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել այդ երկրի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

Ըստ նրա` կոնսենսուսի անտեսման օրինակներից մեկն էլ հոկտեմբերի վերջին ընդունված ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը Հայաստան ուղարկելու որոշումն էր։  

«Առանց կոնսենսուսի ընդունված Հայաստան կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու որոշումը կազմակերպության անդամ բոլոր երկրների հավաքական կամքով հաստատված մանդատի բացահայտ խախտում էր»,- ասել է Բայրամովը։

Հոկտեմբերի 19-ին ԵԱՀԿ-ն հայտարարեց Հայաստան կարիքների գնահատման առաքելություն ուղարկելու մասին։

Կազմակերպության տվյալներով՝ առաքելության նպատակն է «գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում՝ ԵԱՀԿ մանդատի ու փորձի համաձայն և անվտանգության համապարփակ հայեցակարգի շրջանակներում»։

«Տեխնիկական թիմը, որը բաղկացած է միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից, կայցելի հայ-ադրբեջանական սահմանի մոտ գտնվող տարածքներ և խորհրդակցություններ կանցկացնի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ»,- նշել են ԵԱՀԿ-ում։