գլխավոր Իրադարձային Ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների ուղեսրահներն ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգերով

Ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների ուղեսրահներն ապահովել անընդմեջ և բարձր որակի տեսահսկման համակարգերով

Ոստիկանությունն առաջարկում է ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահներն օրենքով ապահովել անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել E-draft.am հանրային հարթակում:Նախագծում նշվում է, որ ուղևորների կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների և միկրոավտոբուսների ուղեսրահները պետք է ապահովված լինեն անընդմեջ և բարձր որակի (HD) տեսաձայնագրություն իրականացնող տեսահսկման համակարգերով՝ օրվա մութ ժամերին նկարահանելու և տեսաձայնագրությունն առնվազն 10 օր պահպանելու հնարավորությամբ: Տեսահսկման համակարգերի պարտադիր կահավորումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն ունենան տեսահսկելու ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահը և ավտոբուսի կամ միկրոավտոբուսի դիմացի հատվածն ամբողջությամբ: 

«Պետք է ապահովվի, որ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ը ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն ունենա նշված պարտադիր տեսահսկման համակարգերին։ Ավտոբուսի կամ միկրոավտոբուսի ուղեսրահում պետք է փակցված լինի «Ուղեսրահը տեսաձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն: Պարտադիր տեսահսկման համակարգերի տեխնիկական բնութագիրը և օգտագործման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ»,-նշվում է նախագծում:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում օպերատիվ իրավիճակի կայունացմամբ, հանցագործությունների կանխարգելմամբ, ՀՀ տարածքում կատարվող իրավախախտումներին արագ արձագանքմամբ, հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերմամբ։

«Երևան քաղաքում տեղի ունեցած հանցագործությունների բացահայտման ժամանակ շատ հաճախ Ոստիկանությունն օգտվում է ավտոկայանատեղերը հսկող տեսախցիկներից։ Այդ տեսախցիկների տեսաձայնագրություններին հետևելու համար ամեն անգամ անհրաժեշտ է լինում համակարգը սպասարկող ընկերության աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, որը բարդացնում է գործընթացը հանգեցնելով լրացուցիչ երկար ժամանակի կորստի, ինչն անհնարին է դարձնում «տաք հետքերով» գործի բացահայտմանը։ Խնդիրն առավել ընդգծվում է գիշերային ժամերին կամ ոչ աշխատանքնային օրերին տեղի ունեցած հանցագործությունների դեպքում, երբ տեսախցիկները դիտելու համար ոստիկանները ստիպված են լինում սպասել աշխատանքային օրերին և ժամերին»,-նշվում է հիմնավորման մեջ:

Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել այսօր՝ դեկտեմբերի 1-ին: