գլխավոր Իրադարձային Ճարտարապետների պալատը պահանջում է քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող շենքերի նախնական տեսքի...

Ճարտարապետների պալատը պահանջում է քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ

Հայաստանի Ճարտարապետների պալատն անդրադարձել է Երևանի ամանորյա լուսազարդարմանն ու դրա շրջանակում  պատմամշակութային շենքերի վրա ճեղքեր առաջացրած միջադեպին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է կառույցի տարածած հաղորդագրությունից:

«Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա լուսազարդարման աշխատանքների իրականացման հետևանքով էական վնաս է հասցվում Հայաստանի Խորհրդային ճարտարապետական ժառանգության ամենախորհրդանշանական անսամբլի մաս կազմող շենքերին, որոնք ունեն հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ։ Հայաստանի ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում և պարզաբանում է պահանջում գործընթացը նախաձեռնած Երևանի քաղաքապետարանից, ինչպես նաև ժառանգության պահպանության պատասխանատու լիազոր մարմնից՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, մասնավորապես՝ առկա՞ է արդյոք նախարարության խորհրդակցական մարմին հանդիսացող գիտամեթոդական խորհրդի դրական կարծիքը իրականացվող լուսազարդման նախագծի վերաբերյալ։

Համոզված ենք, որ անհրաժեշտ է գնահատել, արժևորել և պահպանել ոչ միայն մայրաքաղաքի թամանյանական կառույցների ճարտարապետությունը, այլև հայ քարագործ վարպետների ձեռակերտ աշխատանքը։

Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները և քայլեր ձեռնարկել բացառիկ արժեք ներկայացնող պահպանվող շենքերի նախնական տեսքի վերականգնման ուղղությամբ, ինչպես նաև համապատասխան պատասխանատվության միջոցներ կիրառել հուշարձան շենքերը վնասողների նկատմամբ»,-նշվում է հայտարարությունում: