գլխավոր Աշխարհ Պենտագոնը կտրականապես դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայում. Օսթին

Պենտագոնը կտրականապես դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը Սիրիայում. Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ: Նա անհանգստություն է հայտնել Սիրիայի հյուսիսում էսկալացիայի կապակցությամբ և ընդգծել, որ Պենտագոնը կտրականապես դեմ է Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։

Օսթինը հավելել է, որ տարածաշրջանում վերջին ավիահարվածները սպառնացել են Սիրիայում Իսլամական պետության դեմ պայքարող ԱՄՆ զինվորականների անվտանգությանը:

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների կարևորությունը, ինչպես նաև ցավակցություն հայտնել Թուրքիայում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ։

Թուրքական կողմի տվյալով՝ կողմերը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հետաքրքրության հարցեր, անդրադարձել անվտանգային խնդիրների։ Աքարը շեշտել է, որ Անկարան և Վաշինգտոնը կարևոր դաշնակիցներ են։

Նա ընդգծել է, որ Սիրիայում հակաահաբեկչական գործողության նպատակն է ապահովել խաղաղ բնակչության անվտանգությունը և Թուրքիայի սահմանները: Աքարը պնդել է՝ Թուրքիայի գործողությունն ինքնապաշտպանական բնույթ է կրում և բխում է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածից։

«Մեր միակ թիրախն ահաբեկիչներն են և ոչ թե դաշնակցային ուժերը կամ խաղաղ բնակչությունը»,- հավելել է Աքարը: