գլխավոր Իրադարձային Տարածվող նկարը ոչ մի կապ չունի ամանորյա լուսավորության նախագծի հետ. Երևանի քաղաքապետարան

Տարածվող նկարը ոչ մի կապ չունի ամանորյա լուսավորության նախագծի հետ. Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը որևէ առնչություն չունի Հանրապետության Հրապարակի շենքերից մեկի զարդաքանդակի մեջ մխրճված հեղույսի հետ, այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետարանի լրատվության պետ Լևոն Սարդարյանը:

«Հատուկ ցանկանում ենք շեշտել, որ համացանցով տարածվող նկարը, որտեղ հեղույսը մխրճված է զարդաքանդակի մեջ, ոչ մի կապ չունի Երևանի քաղաքապետարանի ամանորյա լուսավորության նախագծի հետ», – Facebook-ում գրել է Սարդարյանը։

Մայրաքաղաքի ամանորյա լուսավորման աշխատանքների հետ կապված հաղորդագրություն է տարածել նաև Երևանի քաղաքապետարանը: 

«Հաշվի առնելով, որ այս պահին տարբեր լրատվական միջոցների կողմից քննարկվում են, մասնավորապես, Հանրապետության Հրապարակի շենքերի վրա իրականացվող աշխատանքները՝ անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ նախքան նախագծի իրականացումը՝ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԿԳՄՍ գործընկերների հետ, որոնց կողմից ընդգծվել է նշված շենքերի վրա կատարվելիք աշխատանքների հետևանքների հետագա վերացման, ինչպես նաև աշխատանքների հետևանքները նվազագույնի հասցնելու կարևորությունը», – նշվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ Երևանի քաղաքապետարանի և «Սինեմարտ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրով, ընկերությունը ստանձնել է պարտավորություն՝ տոնական լուսավորության ենթակառուցվածքի ապամոնտաժումից հետո վերականգնել շենքի արտաքին տեսքն անցքերի լցման միջոցով։

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ խնդրի առնչությամբ լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգան նաև դեկտեմբերի 2-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում:

Ավելի վաղ՝ համացանցում լուսանկար էր հրապարակվել, որում երևում  է, թե ինչպես է Հանրապետության Հրապարակի պատերից մեկի քանդակը վնասվել մխրճված հեղույսի պատճառով: Լուսանկարի առնչությամբ սոցիալական ցանցերում քննադատության լուրջ ալիք է բարձրացել: