գլխավոր Իրադարձային Մինչ օրս 2350 սիրիացի գրոհային է տեղափոխվել Ադրբեջան. հայտնի են նոր տվյալներ...

Մինչ օրս 2350 սիրիացի գրոհային է տեղափոխվել Ադրբեջան. հայտնի են նոր տվյալներ սպանված և Սիրիա վերադարձած վարձկանների մասին

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR) շարունակում է թարմ տվյալներ հաղորդել Թուրքիայի կառավարության միջոցով Սիրիայից վարձկանների՝ Ադրբեջան տեղափոխման մասին:

Ինչպես հայտնում են կենտրոնից, 300 գրոհայիններից կազմված նոր խումբ է ժամանել Ադրբեջան վերջին մի քանի օրվա ընթացքում: «Այնուամենայնիվ, Թուրքիան դեռ փորձում է գրոհայինների հավաքագրել և ուղարկել Լեռնային Ղարաբաղի ռազմաճակատ, թեև նրանց մեծ մասը հրաժարվում է պայքարել ադրբեջանական ուժերի կողքին «դավանանքի տարբերության» գործոնի և բազմաթիվ մարդկային կորուստների պատճառով»,- ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջան ժամանած գրոհայիններից ոմանք անգամ տեղյակ չեն եղել, որ ադրբեջանական ուժերը շիա համայնքի ներկայացուցիչներ են: Այդ հանգամանքը ստիպում է գրոհայիններից շատերին վերադառնալ Սիրիա:

Կենտրոնի տվյալներով՝ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցելու համար Ադրբեջան ժամանած սիրիացի գրոհայինների թիվը հասել է առնվազն 2350-ի, որոնցից 320-ը հետ են գնացել իրավիճակին ծանոթանալուց հետո: Ինչպես կենտրոնի մասնագետները նշում են, սեպտեմբերի վերջից մինչ օրս սիրիացի վարձկաններից 217-ը մահացել են մարտերում, որոնցից 138-ի մարմինն է տեղափոխվել Սիրիա: