գլխավոր Մամուլի տեսություն Վահագն Ալեքսանյանն իր տեսակով ու որակով հանրային աղետ է․ ՔՊ-ի 99 տոկոսը...

Վահագն Ալեքսանյանն իր տեսակով ու որակով հանրային աղետ է․ ՔՊ-ի 99 տոկոսը նրանից չի տարբերվում․ Սոֆյա Հովսեփյան․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հարցազրույց նախկին ՔՊ-ական պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ:

– Տիկին Հովսեփյան, երեկ երեկոյան տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ընտրվել են կուսակցության փոխնախագահները: Նրանք երկուսն են` ԲՀԿ-ից ճամբարափոխ եղած, մարդ ծեծող Վահագն Ալեքսանյանն ու ՀՀԿ-ից ճամբարափոխ եղած Գեւորգ Պապոյանը:

– Գեւորգ Պապոյանն աշխատող պատգամավոր է: Համեմատության մեջ՝ սա չեմ կարող չասել: Գեւորգ Պապոյանը միակ, քիչ ու եզակի աշխատող պատգամավորն է: Նրա անձնական որակները հիմա չեմ ցանկանում քննարկել: Օրենսդրական առումով նա ի սկզբանե ակտիվ գործունեություն է ծավալել, իհարկե՝ շատ օրենքներ ընդունելի չեն եւ անարդյունավետ են:

– Կոնկրետ ի՞նչ օրենսդրական նախագծերի մասին եք խոսում:

– Օրինակ` անկանխիկ գործարքների հետ կապված նախագիծն անհաջող էր: Այնպես չէ, որ մնացյալ` 99 տոկոսի պես Պապոյանը պարապ-սարապ ման է գալիս: Նրանց ֆոնին Պապոյանը տարբերվում է: Ինչ վերաբերում է Վահագն Ալեքսանյանին, ապա նա առհասարակ իր տեսակով ու որակով հանրային աղետ է, այդ տեսակ մարդն իրավունք չունի մոտենալ Ազգային ժողովի ամբիոնին, հանդես գալ որպես պատգամավոր: Նա անգամ շարքային քաղաքացիների հետ խոսելու կուլտուրա չունի:

– Նրան նման կարեւոր պաշտոն վստահելն ինչի՞ մասին է խոսում: Նիկոլ Փաշինյանը գուցե քիչ թե շատ խելոք պատգամավորներից վախենո՞ւմ է, նրանց մեջ մրցակի՞ց է տեսնում….

– Էնտեղ ո՞վ է խելոք բայց: Ես խելոք մարդ չեմ տեսնում: Նրանց 99 տոկոսի մոտ որակը նույնն է:

– Գոնե նրանցից շատերը կրթություն ունեն, անգամ սովորել են եվրոպական առաջատար բուհերում: Վահագն Ալեքսանյանն անգամ Սլավոնական համալսարանը չի կարողացել ավարտել…

– Կրթությունն այս պարագայում այնքան էլ կարեւոր չէ: Կարեւորն արժեքային ու մարդկային որակներն են: ՔՊ-ի 99 տոկոսը Վահագն Ալեքսանյանից չի տարբերվում, նույն որակի մարդիկ են: Արժեք ունեցող, կիրթ մարդը չի կարող կառչած մնալ 90-ականների կամ 2000-ականների խնդիրներից՝ այսօր միմիայն խոսելով դրանց մասին, մեղադրելով այլոց: Կիրթ մարդը չի կարող համահայկական այս աղետին նորմալ վերաբերվել կամ, ասենք, աչքերը փակել ու լռել…. ինչի՞ մասին է խոսքը:

– Պնախարար Սուրեն Պապիկյանը զբաղեցնում էր ՔՊ վարչության նախագահի պաշտոնը, սակայն Փաշինյանը, կարծես, նրան պատժեց, այս անգամ որեւէ պաշտոն նա չստացավ: Արդյո՞ք սա չի նշանակում, որ Փաշինյանը վախենում է Սուրեն Պապիկյանից, որ վաղը նա կարող է վարչապետի պաշտոնին հավակնել:

– Իհարկե, վախենում է, կարծում եմ` վաղուց էր վախենում: Սուրեն Պապիկյանի վարկանիշը հենց ՔՊ-ի ներսում բավականին բարձր է: Սա կարող է վախեցնել Նիկոլ Փաշինյանին: Մի ժամանակ ես էլ դրական կարծիք ունեի Սուրեն Պապիկյանի մասին, մինչ այն օրը, երբ արժեքներից անցավ եւ դարձավ այս իշխանության մի մասը: Պատերազմից առաջ այլ էր, հետո` լրիվ այլ: Նսեմացուցիչ իրականության հետ հարմարվելը շատ բան է խոսում հենց հարմարվողների մասին: Ես աշխատում եմ նրանց մասին այլեւս կարծիք չհայտնել: Ժամանակն ու մարդկությունը կտան իրենց գնահատականը:

– Երկրում բավականին ծանր իրավիճակ է: Սահմանից եկող գույժերը դարձել են սովորական բան: Այս ամենի ֆոնին իշխանությունները պատրաստվում են շատ արագ վավերացնել ստամբուլյան կոնվենցիան:

– Այն մեծ փողեր կտա մի քանիսի գրպանին, օրինակ` Մարիա Կարապետյանին եւ այլն: Ամեն բան թուլացնելով Հայաստանը դարձնելով անհասկանալի երկիր»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։