գլխավոր Քաղաքականություն ԲՀԿ-ն պատվիրակություն է ուղարկում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը

ԲՀԿ-ն պատվիրակություն է ուղարկում Մոսկվա՝ քննարկելու Արցախում ստեղծված իրավիճակը

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստ, որը նախագահել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Կուսակցությունից հայտնում են, որ նիստի ընթացքում որոշում է կայացվել ԲՀԿ քաղխորհրդի անդամներ՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին , ՀՀ ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանին, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին, ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանին հրատապ գործուղել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա:

Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության եւ ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջեւ երկարամյա գործակցությունը ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել հրատապ կարգով միջկուսակցական մակարդակում գործընկերների հետ քննարկել Արցախում եւ Հայաստանի սահմաններին ստեղծված ծանր իրավիճակը: Ռազմավարական գործընկերների հետ քննարկման առարկա են դառնալու ինչպես թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից սանձազերծված պատերազմին, այնպես էլ այս պատերազմում Թուրքիայի անմիջական ներգրավվածության եւ Թուրքիայի միջոցով ադրբեջանական բանակը միջազգային ահաբեկիչներով զինելուն վերաբերող հարցեր:

Գագիկ Ծառուկյանը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ անհրաժեշտ է օր առաջ վերականգնել Հայաստանի Հանրապետության դարավոր բարեկամ եւ բնական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ լիարժեք հարաբերությունները, քանի որ տարածաշրջանում անվտանգության միակ երաշխավորը հենց Ռուսաստանն է:

«Անհրաժեշտ է գործընկերային եւ դիվանագիտական բոլոր հնարավոր եղանակներն ու խողովակներն օգտագործելով անհապաղ հասնել կրակի դադարեցմանը եւ նախանշել ամենասեղմ ժամկետներում իրավիճակի հանգուցալուծման տարբերակները»,-ամփոփել է Գագիկ Ծառուկյանը:

Պատվիրակությունը Մոսկվա կմեկնի վաղը՝ հոկտեմբերի 29-ին: