գլխավոր Քաղաքականություն Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը

Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը

Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը, որը հայտարարել էր, որ Պրահայի և Սոչիի հանդիպումներում չի հստակեցվել, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է իրականացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիան: Էդմոն Մարուքյանը թեմային անդրադարձել է՝ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան:

Պարոն Մարուքյան, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, արձագանքելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցին, հայտարարել է, որ Պրահայի և Սոչիի գագաթնաժողովներին հաջորդած հայտարարություններում նշվել է, որ սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան, սակայն դրանցում իբրև թե խոսք չկա այն մասին, թե ինչ քարտեզների հիման վրա պետք է դա տեղի ունենա։ Մինչդեռ միևնույն ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչը հայտարարում է, թե իբրև ադրբեջանական գյուղեր կան Հայաստանի վերահսկողության ներքո։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը.

-Ուզում եմ նշել, որ Ադրբեջանի պաշտոնյաները պետք է կողմնորոշվեն մի հարցի շուրջ. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի՞, թե ոչ, քանի որ նրանք 2021թ. մայիսի 12-ի և 2022թ. սեպտեմբերի 13-ի Հայաստանի դեմ սանձազերծած ագրեսիաների և Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ պնդել են, որ սահմանը դելիմիտացված չէ, և չկա սահման, իսկ հիմա ինչպե՞ս են պնդում, որ ադրբեջանական տարածքներ կան, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ։ Նման պնդում անելով՝ ադրբեջանական կողմն ընդունում է, որ գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հստակ սահման։