գլխավոր Առողջապահություն Գրիպով հիվանդանալու դեպքերը հիմա ավելի շատ են, քան Covid-ով. նախարար

Գրիպով հիվանդանալու դեպքերը հիմա ավելի շատ են, քան Covid-ով. նախարար

Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով պայմանավորված հանգիստ իրավիճակ է, սակայն ակտիվացել են սուր շնչառական վարակները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Covid–ի շրջանում 2020–2021 թվականին բավական նվազ էր սուր շնչառական հիվանդացության բեռը։ Այս տարի նկատում ենք նախաքովիդյան ցուցանիշները, բայց որևէ նորմայից շեղված ցուցանիշներ չունենք. այն սեզոնային ակտիվության շրջանակների մեջ է»,–ասել է նախարարը։

Նրա խոսքով` բավական ակտիվ է գրիպի H1N1 մանրէահիմքը (թռչնագրիպ), որը վտանգավոր է խրոնիկ հիվանդություններ ունեցողների, հղիների, երեխաների համար։ Կանխարգելման համար նախարարը հորդորել է պատվաստվել նաև գրիպի դեմ։

«Պատվաստանյութերը ներառում են այս վտանգավոր շտամների դեմ հակամարմիններ, և շատ կարևոր է դա ճիշտ ժամանակին իրականացնելը»,–ասել է նա։

Նախարարը նշել է, որ այս պահին գրիպի առումով շատ ավելի մեծ հիվանդացության բեռ ունեն, քան Covid-ի։

Covid-ի դեպքերի աճ չեն նկատում, հետևաբար` սահմանափակումներ ևս առաջիկայում չեն նախատեսվում։