գլխավոր Քաղաքականություն Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքեն....

Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագիր կնքեն. Քարփենթեր

Վաշինգտոնը շահագրգռված է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության համաձայնագիր կնքեն՝ հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա՝ հաշվի առնելով, որ Բաքուն հրաժարվում է խաղաղ բանակցություններից, եթե դրանց մասնակցի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ակտիվորեն ներգրավված է գործընթացում և շահագրգռված է խաղաղության համաձայնագրով: Մենք կշարունակենք ուղիներ փնտրել նախարարների և ղեկավարների միջև շփումը պահպանելու համար:

Գաղտնիք չէ, որ այս հարցում սերտորեն աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ և դիտարկում ենք ԵԱՀԿ գործիքակազմը կիրառելու հարցը: ԵԱՀԿ-ն Հայաստանի խնդրանքով արդեն հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմ կարիքների գնահատման խումբ է ուղարկել: Կառույցն աջակցում է նաև ԵՄ ջանքերին:

Մեր նպատակը պարզ է. մենք ցանկանում ենք, որ սահմանը հնարավորինս շուտ սահմանազատվի: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմի միջև հնարավորինս շուտ համաձայնեցվի խաղաղության համաձայնագիրը, որ խաղաղությունն ու կայունությունը վերադառնան տարածաշրջան, որ այնտեղ ապրող մարդկանց իրավունքները և անվտանգությունն ապահովվեն, և կարողանանք բացել Հարավային Կովկասի պատմության նոր էջը:

Ակնհայտ է՝ այս նպատակին հասնելու համար որոշ ժամանակ կպահանջվի, բայց մենք ձգտում ենք անել հնարավորը՝ ապահովելու այդ արդյունքը»,- ասել է դիվանագետը: