գլխավոր Աշխարհ «Դրսում ձմեռ է, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ նույնպես». ՌԴ ԱԳՆ

«Դրսում ձմեռ է, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում՝ նույնպես». ՌԴ ԱԳՆ

ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսության հեռանկարների մասին խոսակցությունները վաղաժամ են: Երկու երկրների հարաբերություններում «ձմեռ» է, որը չի նպաստում համապատասխան գործընթացներին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Վլադիմիր Երմակովը։

Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էլիզաբեթ Ռուդը ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր, որ Վաշինգտոնը հավատարիմ է սպառազինությունների վերահսկմանը և հնարավորության է սպասում` Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսելու համար, որն ընդհատվել է, նրա խոսքով, Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով:

«Առանձնապես իմաստ չեմ տեսնում շահարկումներ անել, թե երբ կարող էր Վաշինգտոնում նման «հասունացում» տեղի ունենալ։ Նշեմ միայն, որ հիմա ձմեռ է ոչ միայն դրսում, այլև ԱՄՆ-ի հետ մեր հարաբերություններում, իսկ տարվա այդ եղանակը, ինչպես հայտնի է, բարենպաստ չէ աճի և հասունացման գործընթացների համար»,-ասել է Երմակովը։

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի միջև ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրը ստորագրվել է 2010 թվականի ապրիլի 8-ին Պրահայում (Չեխիա):

Այն փոխարինեց 1991 թվականի Ռազմավարական սպառազինությունների կրճատման պայմանագրին և ուժի մեջ մտնելուց հետո փոխարինեց 2002 թվականի Ռազմավարական հարձակողական ներուժի կրճատման մասին պայմանագրին։ Մոսկվան և Վաշինգտոնը 2021 թվականի փետրվարի 3-ին նոտաներ են փոխանակել ներքին ընթացակարգերի ավարտի մասին, որոնք անհրաժեշտ են պայմանագրի գործողության ժամկետը հինգ տարով երկարացնելու մասին համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար։