գլխավոր Աշխարհ Տիեզերագնացները ժամանել են Չինաստանի տիեզերակայան՝ նոր ժամանակաշրջանի սկիզբ դնելով

Տիեզերագնացները ժամանել են Չինաստանի տիեզերակայան՝ նոր ժամանակաշրջանի սկիզբ դնելով

 Չինացի երեք տիեզերագնացները բարեհաջող կերպով հասել են Չինաստանի տիեզերակայան՝ փոխարինելու այնտեղ գտնվող անձնակազմին: Սա Չինաստանի տիեզերագնացության պատմության մեջ անձնակազմի առաջին ռոտացիան է, որով մեկնարկում է Երկրի ցածր ուղեծրում երկրորդ տիեզերակայանի գործունեությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը:

«Շենչժոու-15» (Աստվածային նավ) տիեզերանավը և նրա երեք ուղևորներին ուղեծիր է հասցրել Long March-2F հրթիռը, որը մեկնարկել է Ցզյուցյուան կոսմոդրոմից երեքշաբթի երեկոյան՝ տեղի ժամանակով ժամը 23:08-ին: Թռիչքը տևել է 6 ժամից ավելի: «Շենչժոու-15»-ը 11 առաքելություններից վերջինն է: Նախորդ 3 առաքելությունները ուղեծիր էին ուղարկվել՝ կառուցելու «Երկնային պալատը». այսպես է չինարենից թարգմանվում բազմամոդուլ կայանի անվանումը: Առաջին առաքելությունը մեկնարկել էր 2021 թ.-ի ապրիլին:

«Շենչժոու-15»-ի տիեզերագնացներին գրկաբաց ողջունել է տիեզերակայանում գտնվող «Շենչժոու-14»-ի անձնակազմը, որը ժամանել է հունիսին և մեկ շաբաթից կվերադառնա Երկիր:

«Երկնային պալատը» մոտ երկու տասնամյակի ընթացքում Չինաստանի կողմից տիեզերք ուղարկվող օդաչուավոր առաքելությունների գագաթնակետն էր: Չինաստանի օդաչուավոր տիեզերական թռիչքները սկսվել են 2003 թվականին:

Չինաստանի հաջորդ առաքելությունը տիեզերակայան կմեկնի 2023 թ.-ին: Նոր անձնակազմը կընտրվի երրորդ սերնդի տիեզերագնացներից, որոնք ունեն գիտական կոչումներ տարբեր բնագավառներում, այդ թվում՝ կենսաբանության, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբժշկական ճարտարագիտության և աստղագիտության: Ակնկալվում է, որ տիեզերագնացները Երկրի ուղեծրում գտնվելու ընթացքում հազարից ավելի գիտափորձեր կկատարեն:

CNN-ն իր հերթին հաղորդում է, որ Շենչժոու-15»-ը կավարտի ուղեծրային կայանի կառուցումը մինչև դեկտեմբերի վերջը, և կմեկնարկի դրա կիրառման և զարգացման առաջին փուլը: Կառուցման ավարտից հետո տիեզերակայանն, ըստ գնահատումների, կծառայի 15 տարի: Չինաստանը նախատեսում է տարեկան 2 օդաչուավոր և երկու բեռնատար առաքելություններ ուղարկել տիեզերակայան:

ՆԱՍԱ-ի (ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) պաշտոնյաները հայտարարել են, որ 2030 թ.-ից գործածությունից կհանեն Միջազգային տիեզերակայանը, որի շրջանակներում համագործակցում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ճապոնիան, Կանադան և Եվրոպական տիեզերական գործակալությունը: