գլխավոր Աշխարհ ՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային «Patriot» համալիրների մատակարարումները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային «Patriot» համալիրների մատակարարումները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինային «Patriot» զենիթահրթիռային համակարգերի հնարավոր մատակարարումները։ Տեղեկությունը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտգործնախարարների նիստի առաջին օրը։

«Մեր քննարկումները վերաբերում են նոր համակարգերի տրամադրմանը, օրինակ` «Patriot» համակարգերի, այժմ այդ մասին քննարկում է ընթանում։ Բայց պետք է նաև երաշխիք լինի, որ այն համակարգերը, որոնք արդեն մատակարարվել են, արդյունավետ են և գործում են», – ասել է նա։

Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։

ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասելէր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը ու բացասական ազդեցություն կունենա: