գլխավոր Տեսանյութեր Խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, բայց հույս կա. Ռիքերը Երևան է գալիս

Խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, բայց հույս կա. Ռիքերը Երևան է գալիս

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, որտեղից էլ Երևան է գալու։ Ռիքերն իր տեսաուղերձում է հայտարարել այդ մասին։

«ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում գալիք տարում պահպանել այդ տեմպը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրեց այս շաբաթ տարածաշրջան գալ»,–ասում է Ռիքերը։Նրա խոսքով` խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, և հակամարտությունը տարիներ շարունակ կողմերին տառապանքներ է պատճառել։ Այնուամենայնիվ` Ռիքերը հավատում է, որ հույս կա. «Հույս խաղաղ ապագայի համար: Հուսով եմ, որ այս խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի: Երկու երկրների կողմից ես տեսել եմ իրական քայլեր, համարձակ քայլեր, որոնք կարող են կառուցել ամուր խաղաղություն»։

Հիշեցնենք, որ Ալիևն ու Բլինկենը մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման վերաբերյալ։