գլխավոր Իրադարձային «Շենգավիթ» ԲԿ–ում 33-ամյա ծննդկան է մահացել. սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել

«Շենգավիթ» ԲԿ–ում 33-ամյա ծննդկան է մահացել. սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 33-ամյա ծննդկան է մահացել։ Տեղեկությունը հայտնում է բուժկենտրոնը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին։Այսօր հրապարակված պարզաբանման մեջ ասվում է, որ 33-ամյա Կ․Մ․-ն այդ օրը ընդունվել է «Շենգավիթ» ԲԿ։

«Ընդունման պահին կատարվել են չափորոշիչներով նախատեսված բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Կինը ծննդաբերել է բնական ճանապարհով՝ մահացած պտղով: Ծննդաբերության երրորդ շրջանն ընթացել է առանց բարդությունների, սակայն 20 րոպե անց ծննդկանի մոտ սկսվել է վաղ հետծննդաբերական հիպոտոնիկ արյունահոսություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կատարվել են դեղորայքային, գործիքային, ձեռքային բոլոր անհրաժեշտ գործողությունները, սակայն անարդյունավետ: Ծնարան է հրավիրվել մանկաբարձական ծառայության ղեկավարը, և որոշվել է ծննդկանին շտապ տեղափոխել վիրահատարան:

Կյանքը փրկելու նպատակով կնոջ արգանդը հեռացրել են: Սակայն վիրահատության ժամանակ արձանագրվել է սրտի կանգ, այնուհետև սրտի աշխատանքն արագ վերականգնվել է սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումների արդյունքում: Այնուհետև կինը տեղափոխվել է ինտեսնիվ թերապիայի բաժանմունք, որտեղ ևս 3 անգամ սրտի կանգ է ունեցել, սակայն բժիշկներին հաջողվել է սրտի աշխատանքը վերականգնել:

Նույնը օրը` ժամը 18:35–ին, կնոջ մոտ կրկին սրտի կանգ է արձանագրվել. իրականացված վերակենդանացման միջոցառումների արդյունքում սրտի աշխատանքը վերականգնել չի հաջողվել, և կինը մահացել է։