գլխավոր Իրադարձային Հայ խաղաղապահների պատրաստությունը բարձր է գնահատվել

Հայ խաղաղապահների պատրաստությունը բարձր է գնահատվել

ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 21-24-ը աշխատանքային այցով եղել է Կոսովոյի տարածաշրջանում։

Այցի շրջանակներում տեղի են ունեցել պատվիրակության հանդիպումները Կոսովոյի «Ֆիլմ Սիթի» ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նեիլ Նոլանի, Բազմազգ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անջելո Ռիստուչիայի և շտաբի պետ, բրիգադի գեներալ Ջոն Բոժիցեվիչի հետ։ Հանդիպումների ընթացքում բարձր է գնահատվել առաքելությանը ընդգրկված հայկական ստորաբաժանման պատրաստության և կարգապահության մակարդակը։ Զրուցակիցները քննարկել են նաև առաքելությանը հայ խաղաղապահների ներգրավվածության ընդլայնման հնարավորությունները։

Պատվիրակության անդամներն այցելել են Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական ստորաբաժանման տեղակայման վայր, ծանոթացել հայ զինծառայողների ծառայության կրման պայմաններին։

Այնուհետև պատվիրակությունը մեկնել է Լիբանանի Հանրապետություն և նոյեմբերի 25-ին ներկա եղել խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողների հերթափոխի հանդիսավոր արարողությանը։

ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպել է Լիբանանում ՄԱԿ առաքելության բազմազգ ուժերի «Սեկտոր արևմուտք»-ի հրամանատար, բրիգադի գեներալ Ջուզեպպե Բերտոնչելլոյի հետ։ Գեներալ Բերտոնչելլոն գովասանքի խոսքեր է ուղղել հայ խաղաղապահների հասցեին, բարձր գնահատել նրանց պատրաստվածությունը։