գլխավոր Իրադարձային Տաշիրում ծեծի ենթարկված տղամարդը Երևանում մահացել է. մեկ անձ կալանավորվել է

Տաշիրում ծեծի ենթարկված տղամարդը Երևանում մահացել է. մեկ անձ կալանավորվել է

Նոյեմբերի 19-ին՝ ժամը 21.10-ին, «Տաշիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ անգիտակից վիճակում բուժօգնության է տեղափոխվել Տաշիր քաղաքում բնակվող 52-ամյա մի տղամարդ։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։

«Տաշիրի բաժնից հիվանդանոց մեկնած քրեական հետախույզները պարզել են, որ նա բուժհաստատություն էր տեղափոխվել Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցից։ Նախնական տվյալներով՝ չբնակեցված մի շինությունում հիվանդանոց տեղափոխված տղամարդը և նրա 44 և 50 տարեկան ծանոթները հացկերույթ էին կազմակերպել, նաև օգտագործել էին ոգելից խմիչք։

Այդ ընթացքում նրա և 44-ամյա ծանոթի միջև վեճ էր սկսվել, որն ուղեկցվել էր հայհոյանքներով։ 44-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ էր հասցրել 52-ամյա տղամարդուն։ Այնուհետև նրան թողել ու հեռացել էին։

Ծեծված տղամարդը օգնություն էր կանչել, որին արձագանքել էր մի անցորդ, ինչից հետո 52-ամյա տղամարդը շտապօգնության մեքենայով նախ տեղափոխվել էր Տաշիրի հիվանդանոց, ապա Երևան՝ հոսպիտալացվելով «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Հենց այստեղ էլ նա, դեպքից 6 օր անց, մահացել էր։

Տաշիրի ոստիկանները հայտնաբերել ու ձերբակալել են վնասվածքներ պատճառած 44-ամյա տղամարդուն։ Նա կալանավորվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։