գլխավոր Հասարակություն Նախորդ շաբաթ Արցախում հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի...

Նախորդ շաբաթ Արցախում հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք

Նոյեմբերի 21-28-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ԱԻ պետական ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների 911 ճգնաժամային կառավարման կենտրոններում գրանցվել է 982 զանգ, որից 27-ը՝ տեխնածին, 19-ը՝ կենցաղային բնույթի կանչեր են: 

Կանչերից մեկը գրանցվել է նոյեմբերի 25-ին՝ ժամը 21:35-ին, Լիսագոր համայնքի մոտակայքում՝ ճանապարհատրանսպորտային պատահար բնութագրմամբ: 

Նախնական տվյալներով` մեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ են փրկարարական օգնություն և բժշկական միջամտություն։ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 40-րդ կիլոմետրին, «Սկանիա R 440» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը։ Փրկարարները տուժածին ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Գորիսի բժշկական կենտրոն»: 

Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում են ձյան տեղումներ: ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հորդորում է տրանսպորտային միջոցների անվադողերը փոխարինել ձմեռայինով, այդ կերպ նվազագույնի հասցնելով ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերը: 

Կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքները կանխելու նպատակով փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը՝ «Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամի և The Halo Trust կազմակերպության սակրավորների հետ շարունակում են հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման աշխատանքները: Անցած շաբաթվա ընթացքում կատարվել է 14 ելք: Հայտնաբերվել է շուրջ 2167 միավոր տարբեր տեսակի ու տրամաչափի ռազմամթերք: