գլխավոր Քաղաքականություն Իրանական ԱԹՍ-ները կարող են մեծացնել Հայաստանի պաշտպանունակությունը. Forbes

Իրանական ԱԹՍ-ները կարող են մեծացնել Հայաստանի պաշտպանունակությունը. Forbes

Հայաստանի կողմից իրանական ԱԹՍ-ների ձեռքբերումը կարող է մեծացնել նրա պաշտպանունակությունը, ինչպես նաև խնդիր դառնալ Ադրբեջանի և Թուրքիայի համար, գրում է Forbes-ը։ 

«Հայաստանի կողմից իրանական անօդաչու թռչող սարքերի ձեռքբերումը կարող է պոտենցիալ զսպող գործոն լինել՝ հաշվի առնելով, որ Shahed անօդաչու թռչող սարքերը կարող են հարվածել հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա գտնվող թիրախներին: Տարածաշրջանային անօդաչու թռչող սարքերի մրցավազքը եռում է և սպասելի չէ, որ շուտով կդանդաղի»,- Forbes-ին տված հարցազրույցում ասել է Ծովային վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սամուել Բենդետը: 

Նա նշել է, որ Իրանը կարող է Հայաստանին վաճառել անօդաչու թռչող սարքերի մոդելներ, ինչպիսիք են Shahed-ը և Ababil-ը, որոնք օգտագործվել են Մերձավոր Արևելքում իրանական վստահված անձանց կողմից։ Shahed անօդաչու թռչող սարքերն իրենց հնարավորությունները ցուցադրել են նաև Ուկրաինայում, ասել է փորձագետը։ Նա հավելել է, որ չի բացառվում նաև Հայաստանի կողմից Mohajer անօդաչու թռչող սարքերի գնումը։

Ըստ նրա` Իրանը նույնպես Հայաստանին ռազմական առումով հզորացնելու իր շահն ունի, ընդգծել է Բենդետը։ 

«Իրանը զորավարժություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի մոտակայքում, ցույց է տվել, որ կարող է ռազմական ուժ կիրառել, եթե Զանգեզուրի միջանցքը փակի նրա մուտքը Հայաստան և փնտրում է Ստամբուլ-Բաքու-Թել Ավիվ հարաբերությունների հակազդման սեփական ճանապարհը»,- նշել է նա։