գլխավոր Տեխնո Tesla-ն անսարքությունների պատճառով հետ է կանչում ավելի քան 80 հազար մեքենա

Tesla-ն անսարքությունների պատճառով հետ է կանչում ավելի քան 80 հազար մեքենա

Tesla ընկերությունը ծրագրային ապահովման և ամրագոտու խնդիրների պատճառով հետ է կանչում չինական արտադրության և ներկրված ավելի քան 80 հազ. ավտոմեքենա, որոնք արտադրվել են դեռևս 2013 թվականից, ասվում է Չինաստանի շուկայի կարգավորող մարմնի տարածած հայտարարության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացնում է Reuters գործակալությունից:

Էլեկտրական մեքենաների ամերիկյան արտադրողը հետ է կանչել Model S և Model X 67 հազ. 698 մեքենաներ, որոնք ներկրվել են Չինաստան 2013 թվականի սեպտեմբերի 25-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում, քանի որ հայտնաբերվել են ծրագրային խնդիրներ, որոնք ազդում են մեքենաների մարտկոցների կառավարման համակարգի վրա:

Tesla-ն հայտարարել է, որ կթարմացնի հետ կանչված մեքենաների ծրագրակազմը:

Tesla-ն նաև հետ է կանչել 2736 ներկրված Model 3 մեքենա՝ արտադրված 2019 թվականի հունվար-նոյեմբերին, և 10 հազ. 127 չինական արտադրության նույն մոդելի մեքենա՝ արտադրված 2019 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում: Ըստ հաղորդագրության՝ դա պայմանավորված է անվտանգության գոտիների հնարավոր սխալ տեղադրմամբ. դրանք Tesla-ն կստուգի և նորից կտեղադրի:

Նման խնդիրներ Tesla-ի մեքենաների հետ նախկինում ևս առաջացել են: Ապրիլին Tesla-ն Չինաստանից հետ էր կանչել Model 3 տեսակի 127 հազ. 785 մեքենա՝ պատճառաբանելով կիսահաղորդչային բաղադրիչների հնարավոր անսարքությունները, որոնք կարող էին հանգեցնել վթարների: