գլխավոր Աշխարհ ԶԼՄ-ները հրապարակել են նոյեմբերի 25-ի դրությամբ ռուսական կողմի զnհերի թիվը

ԶԼՄ-ները հրապարակել են նոյեմբերի 25-ի դրությամբ ռուսական կողմի զnհերի թիվը

BBC-ի ռուսական ծառայությունը, Mediazona-ն և կամավորները բաց աղբյուրների միջոցով հաստատել են, որ նոյեմբերի 25-ի դրությամբ ուկրաինական պատերազմում զոհվել է 9311 ռուս զինծառայող, փոխանցում է Meduza-ն։

Հրապարակումների համաձայն՝ մահացածների թվում 326 մոբիլիզացված կա։ Նրանցից 290-ը զոհվել են Ուկրաինայում, ևս 36-ը՝ Ռուսաստանում՝ նախքան ռազմաճակատ ուղարկելը։

Միևնույն ժամանակ, ինչպես նշում է BBC-ն, մոբիլիզացվածների իրական կորուստները կարող են ավելի մեծ լինել, քանի որ Ուկրաինայում սպանված զինվորականների մասին բազմաթիվ հաղորդումներ չեն նշում նրանց կարգավիճակը։

Պատերազմի ինն ամիսներից հետո հաստատված կորուստների մեծ մասը Կրասնոդարի երկրամասում է (407 զոհ), Բուրյաթիայում (348 զոհ) և Դաղստանում (345 զոհ):

Հաստատված տվյալների համաձայն՝ ավելի քան 2500 զոհված էլիտար մասնագետներ են՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվորներ և սպաներ, ծովային հետևակի անդամներ և ռազմական օդաչուներ։

Ծառայության ճյուղերի առումով ամենամեծ կորուստները կրել են մոտոհրաձգայինները (1675 զոհ), դեսանտայինները (1342 զոհ), կամավորները (1050 զոհված)։ Եվս 2265 զոհվածների համար տեղեկություններ չկան, թե որ զորքերում են նրանք ծառայել։

Բացի այդ, նոյեմբերի 25-ի դրությամբ լրագրողներին հաջողվել է հաստատել առնվազն 67 բանտարկյալների մահը, որոնք կռվել են ռուսական ռազմական ստորաբաժանումների կազմում։

Պատերազմի սկզբից ՌԴ պաշտպանության նախարարությունը միայն երեք անգամ է հայտնել Ուկրաինայում իր կորուստների մասին, վերջին անգամ՝ սեպտեմբերի 21-ին՝ Ռուսաստանում մոբիլիզացիայի մեկնարկի օրը։ Այնուհետ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 5937 ռուս զինվոր։

Նոյեմբերի 25-ի առավոտյան Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության կորուստները հասել են 86 հազար զինծառայողի։