գլխավոր Քաղաքականություն Արարատ Միրզոյանը Էլիսոն ԼըՔլերի հետ հանդիպմանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի...

Արարատ Միրզոյանը Էլիսոն ԼըՔլերի հետ հանդիպմանը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի դեսպան Էլիսոն ԼըՔլերին (նստավայրը՝ Մոսկվա): 

Կողմերը կարևորել են ընդհանուր ժողովրդավարական արժեքների և փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացումը: Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը ողջունել է Երևանում դեսպանություն բացելու Կանադայի կառավարության որոշումը և համոզմունք հայտնել, որ այդ քայլը նոր ազդակ կհաղորդի երկկողմ համագործակցությանը: 

Հաշվի առնելով, որ այս տարի նշվում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հոբելյանական 30-ամյակը՝ զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են քաղաքական երկխոսության առկա մակարդակն ու միջպետական շփումների դինամիկան: 

Նշվել է Կանադայի կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը:

Արարատ Միրզոյանը և Էլիսոն ԼըՔլերը կարևորել են հայ-կանադական առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: 

Հայկական կողմը ներկայացրել է ՀՀ տարածքային ամբողջականության և ինքինիշխանության նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքները: 

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր առավելապաշտական դիրքորոշմամբ և ագրեսիվ գործողություններով խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը: