գլխավոր COVID-19 Չինաստանում գրանցվել է COVID-19-ի նոր ռեկորդ

Չինաստանում գրանցվել է COVID-19-ի նոր ռեկորդ

Չնայած Չինաստանի իշխանությունները մեծ ջանքեր են գործադրում զսպելու կորոնավիրուսային համաճարակը և իրականացնում են «COVID-ի զրոյական դեպքերի» պաշտոնական քաղաքականություն, չորեքշաբթի Չինաստանում վարակվածների թիվը գերազանցել է բոլոր ռեկորդները՝ հասնելով գրեթե 31.500-ի: Դա նույնիսկ ավելին է, քան այս տարվա ապրիլին գրանցված նախորդ պիկը: Այդ ժամանակ Չինաստանի իշխանությունները ստիպված եղան կարանտին հայտարարել ամբողջ Շանհայում, և 25 միլիոնանոց քաղաքն իրականում երկու ամիս անցկացրեց լիակատար մեկուսացման մեջ, հայտնում է BBC-ն:

Երկրի իշխանություններն այսօր էլ ստիպված են խստացնել սահմանափակող միջոցառումները. մեծ քաղաքներում վերսկսվում են մասնակի արգելափակումները և զանգվածային թեստավորումները։

Այժմ 31 նահանգների իշխանությունները, որոնց տարածքում կան նաև մի քանի հսկայական մեգապոլիսներ, հայտնում են հիվանդության բռնկումների մասին։ Նրանց թվում են մայրաքաղաք Պեկինը (ավելի քան 22 մլն բնակիչ), և Գուանչժոուն՝ խոշոր առևտրի կենտրոնը երկրի հարավում (18,5 մլն), և մի շարք ուրիշ քաղաքներ: Պեկինը դա բացատրում է երկրում պատվաստումների անբավարար ցուցանիշներով:

Չինաստանի «զրոյական դեպքերի» քաղաքականությունը ծանր հարված է հասցրել երկրի տնտեսությանը և հասարակ մարդկանց կյանքին՝ առաջացնելով դժգոհության պոռթկումներ, այդ թվում՝ բողոքի ցույցեր Գուանչժոուում գործող iPhone-ի աշխարհի ամենամեծ գործարանում: