գլխավոր Աշխարհ Լիբանանի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել 7–րդ անգամ

Լիբանանի խորհրդարանը չի կարողացել նախագահ ընտրել 7–րդ անգամ

Լիբանանի խորհրդարանի պատգամավորները, որոնք հինգշաբթի օրը 7-րդ անգամ հավաքվել էին նախագահական ընտրությունների համար, հերթական անգամ չեն կարողացել պետության ղեկավար ընտրել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով լիբանանյան հեռուստաալիքին։

«Նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի կարողացել ստանալ խորհրդարանի 128 անդամներից 65-ի ձայները, ինչն անհրաժեշտ էր հաղթանակի համար», – Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի խոսքերն է մեջբերում հեռուստաալիքը:

Նրա խոսքով` ձայների առավելագույն քանակը (42), բաժին է հասել ընդդիմության թեկնածու Միշել Մուավվադին, անկախ թեկնածու Իսամ Խալիֆայի օգտին քվեարկել է 6 պատգամավոր: Եվս 50 պատգամավոր դատարկ քվեաթերթիկներ են գցել քվեատուփի մեջ։

Սպասվում է, որ հաջորդ քվեարկությունը կկայանա դեկտեմբերի 1-ին, սակայն երկրի հիմնական քաղաքական ուժերի միջև կոնսենսուսի բացակայության պայմաններում այն նույնպես, ամենայն հավանականությամբ, հաջողությամբ չի պսակվի։