գլխավոր Քաղաքականություն Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի

Պաշտոնաթող նախագահին և վարչապետին պետական պահպանությունն այլևս ցմահ չի տրվի

Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի Ազգային անվտանգության ծառայությունից, և Ազգային ժողովում համապատասխան օրենքի ընդունումից հետո կդառնա վարչապետին ենթակա մարմին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյան ասել է, որ փոփոխությունը  անվտանգության համակարգերի բարեփոխումների շրջանակներում է տեղի ունենում:

«Նախկինում այս կարգավորման շրջանակներում նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանության ծառայություն: Այժմ այդ ծառայությունը նախագահին կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս յոթ տարի: Վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասել է նա:

Վարչապետ Փաշինյանը հավելել է, որ ըստ անհրաժեշտության հետագայում ծառայությունը երկարացնելու հնարավորություն կլինի:

«ԱԱԾ-ն  պետք է զբաղվի երեք հիմնական ուղղություններով ` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար,  սահմանադրական կարգի պահպանություն: Մենք պետք է ծառայության կարողություններն  ու հնարավորությունները մեծացնենք, և մենք դա անում ենք»,-հավելել է Փաշինյանը:

Կառավարությունը քվեարկությամբ հավանություն է տվել առաջարկվող նախագծին: