գլխավոր Քաղաքականություն Հետխորհրդային ռազմական մոդելն իրեն չի արդարացնում. Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում

Հետխորհրդային ռազմական մոդելն իրեն չի արդարացնում. Հայաստանը գործուն քայլեր է ձեռնարկում

Զինված ուժերի զարգացման հետխորհրդային մոդելն իրեն չի արդարացնում, և Հայաստանն այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ է անում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով` ՀԱՊԿ անդամ երկրների վերազինման, ռազմական տեխնիկայի վերանայման մասին հարցին։

Նշենք, որ վերազինման հարցը երեկ Երևանում կայացած Հավաքական անվտանգության խորհրդի նիստի կարևորագույն թեմաներից մեկն էր։

Սիմոնյանը շեշտել է` պատմությունն ապացուցում է, որ այն ռազմական մոդելը, որը եղել է հետխորհրդային տարածքում, արդեն իրեն չի արդարացնում։

«Դրա ապացույցները բազմաթիվ են։ Դա երևացել է ոչ միայն ՀՀ–ում կամ Ադրբեջանում տեղի ունեցած գործողությունների ժամանակ։ Այս ամենի վերաբերյալ Հայաստանն իր հետևություններն արել է ու գործուն քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ»,– ասել է Սիմոնյանը։

Աժ նախագահն անդրադարձել է նաև «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը չստորագրելու թեմային՝ նշելով, որ կառուցի քաղաքական գնահատականը բավարար չէր։

«Մենք ՀԱՊԿ–ին անդամակցել ենք թուրք–ադրբեջանական տանդեմից պաշտպանվելու համար։ Հիմա եկել է ժամանակը, երբ պետք է գոնե քաղաքական գնահատական տրվի, սակայն իրենց գնահատականը բավարար չէր։ Արդյունքը եղավ այն, որ Հայաստանը հրաժարվեց ստորագրել այդ փաստաթուղթը՝ ակնկալելով, որ քաղաքական գնահատականը տեղ կգտնի փաստաթղթի մեջ»,– նշել է Սիմոնյանը։