գլխավոր Իրադարձային Ոստիկանության զորքերը կվերակազմավորվեն որպես ոստիկանության գվարդիա. Փաշինյան

Ոստիկանության զորքերը կվերակազմավորվեն որպես ոստիկանության գվարդիա. Փաշինյան

Առաջիկայում ստեղծվելիք ներքին գործերի նախարարությունն իր մեջ ներառելու է 3 խոշոր ծառայություն` ոստիկանությունը, փրկարար ծառայությունը և միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։ Կառավարության նիստի ժամանակ հայտնել է արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը։

«ՆԳՆ–ում կկենտրոնացվի 5 ոլորտ` հասարակական կարգի պահպանություն, ահնցագործությունների կանխում և բացահայտում, աղետների ռիսկի կանխատեսում, միգրացիա և քաղաքացիություն, պետական ռեզերվների կառավարում և հումանիտար հարցեր։ Ծառայությունների ղեկավարները նշանակվելու են վարչապետի կողմից, իսկ տեղակալները` ՆԳՆ ղեկավարի առաջարկությամբ կնշանակվեն և կազատվեն վարչապետի կողմից»,–ասել է Մինասյանը։

Նրա խոսքով` ՆԳ նախարարի ենթակայությամբ նախատեսվելու է ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը, որն էլ կապահովի վերահսկողությունն ամբողջ վարչության նկատմամբ։

Փոխնախարարը հավելել է, որ նախատեսվում է ստեղծել միասնական օպերատորական խումբ, և քաղաքացիներն այլևս ստիպված չեն լինի ոստիկանություն կամ ԱԻՆ զանգահարել տարբեր հեռախոսահամարներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնել է, որ այս փոփոխության ամենախորքային իմաստը նոր ստանդարտի ոստիկանություն և փրկարար ծառայություն ունենալն է։

«Ոստիկանության կառուցվածքի էական և լրջագույն փոփոխություններ են տեղի ունենալու։ Ոստիկանական փրկարար ծառայության գործառույթները վերապահում ենք ոստիկանությանն ու փրկարար ծառայությանը, իսկ քաղաքացիական նշանակության գործառույթները՝ ՆԳՆ–ին։ Օրինակ՝ անձնագրային ծառայությունը միշտ համարվել է ոստիկանական գործառույթների մաս, բայց իրականում այն քաղաքացիական գործառույթ է: Մենք ՏԿԵ-ից դուրս կբերենք միգրացիայի ծառայությունը և կստեղծենք միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն»,–ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով` ոստիկանության պետը կլինի ՆԳՆ տեղակալը։ Բացի այդ, ոստիկանության զորքերը կվերակազմավորեն որպես ոստիկանության գվարդիա, որը կունենա ավելի ընդլայնված գործառույթներ:

Փաշինյանը նշել է, որ ՆԳՆ-ի ձևավորման մեկնարկից կսկսեն նաև կամավոր ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության և փրկարար ծառայության ծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը:

Հավելենք, որ գործադիրը հավանություն է տվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով էլ նախատեսվում էր ՆԳՆ ստեղծել։