գլխավոր Քաղաքականություն Պետական պահպանության գունդը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից. Արմեն Գրիգորյան

Պետական պահպանության գունդը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից. Արմեն Գրիգորյան

ԱԱԾ մարմիններից պետական պահպանության գունդը կառանձնացվի, կառավարության նիստի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«ՊՊԾ–ն կառանձնանա և կլինի վարչապետի ներքո գործող առանձին մարմին։ Սա անվտանգության մարմինների բարեփոխումների շրջանակներում է։ Նախկինում այս կարգավորման շրջանակում նախագահին տրվում էր ցմահ ՊՊԾ, իսկ այժմ օրենքով փոփոխություն է կատարվում, և այժմ այդ ծառայությունը կտրամդրվի պաշտոնաթող լինելուց հետո ևս 7 տարի, իսկ վարչապետի դեպքում` ևս 10 տարի»,–ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` սա կարևոր բարեփոխում է անվտանգության համակարգի բարելավման շրջանակներում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտնել է, որ պաշտոնից ազատվելուց հետո, ըստ անհրաժեշտության, նախագահին և վարչապետին կտրվի ՊՊԾ։

«Սա նաև ԱԱԾ բարեփոխումների շրջանակներում է, քանի որ շատ ենք քննարկել, թե արժե նման փոփոխություն անե՞լ, թե՞ ոչ։ ԱԱԾ–ն 3 հիմնական ուղղություններով պետք է զբաղվի` հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն։ Հենց այս նպատակադրումով էլ ՊՊԾ–ն դարձնում ենք վարչապետին ենթակա մարմին»,–ասել է նա։ Փաշինյանի խոսքով` հակահետախուզության առումով ԱԱԾ–ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի։