գլխավոր Քաղաքականություն Կրակոցների պատճառը գուցե այն է, որ ասեն՝ եվրոպացի դիտորդները գործ չեն անում....

Կրակոցների պատճառը գուցե այն է, որ ասեն՝ եվրոպացի դիտորդները գործ չեն անում. Սիմոնյան

Սահմանին կրակոցները միգուցե նրա համար են, որ ասեն՝ եվրոպացի դիտորդներն իրենց գործը չեն անում, միայն ռուս զինվորականների ներկայությունն է պետք։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս տեսակետն է հայտնել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով հարցին, թե ինչու են եվրոպացի դիտորդների առկայության դեպքում ևս կրակոցներ հնչում սահմանին։

Սիմոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում եվրոպացի դիտորների գործունեությունը հակառակորդի համար զսպող ուժ ունի։ Նա ակնկալում է, որ դիտորդների գործունեության ժամկետները կերկարաձգվեն։

«Ռազմական զորք ունենալը և քաղաքացիական դիտորդները պետք չէ համեմատել, որովհետև այդպիսի փորձ կա համեմատելու և զուգահեռներ անցկացնելու, թե իբր Հայաստան են եկել եվրոպացի զինվորականներ և զինված ուժեր։ Նման բան չկա։ Կան քաղաքացիական դիտորդներ, որոնք գրանցում և արձանագրում են այն իրավիճակը, որը տեղի է ունենում մեր սահմանին, և պետք է ասեմ ու վստահեցնեմ, որ բավականին մեծ զսպող ուժ ունի նրանց ներկայությունը»,–ասել է Սիմոնյանը։

ԱԺ նախագահը նաև նշել է, որ Հայաստանը ռազմական ու քաղաքական մասով բավարար աջակցություն չունի։

«Եթե բավարար աջակցություն ունենք, ինչո՞ւ ունենք գերիներ, ինչո՞ւ եղավ Սև լիճը, ինչո՞ւ եղավ Խծաբերդը, ինչո՞ւ եղավ Ջերմուկի ուղղությամբ ներխուժելը։ Երբ խոսում ենք Ռուսաստանի այստեղ զորքերի մասին, այդ հարցրեի պատասխանը պետք է հասկանանք, եթե կան, ո՞նց սենց եղավ»,- ավելացրել է նա։