գլխավոր Քաղաքականություն Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստան–Ադրբեջան երկաթուղու վերականգնման հարցը

Փաշինյանն ու Պուտինը քննարկել են Հայաստան–Ադրբեջան երկաթուղու վերականգնման հարցը

Երախս–Մեղրի– Օրդուբադ երկաթուղու վերականգնման հնարավորության շուրջ Հայաստանը որոշ ազդակներ է ստացել Ռուսաստանից։

Այս մասին այսօր կառավարության նիստին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀԱՊԿ գագաթաժողովի շրջանակներում ունեցած առանձնազրույցի մասին։

«ՌԴ նախագահի հետ երեկ ունեցած բանակցությունների ընթացքում մենք որոշակի ազդակներ կամ տեղեկություններ ստացանք, ինչը նշանակում է, որ կարող է լինել էական ու լուրջ հնարավորություն, որ մենք նորից վերադառնանք ու սկսենք Հորադիզ–Մեղրի– Օրդուբադ– Սադարակ– Երասխ երկաթուղու վերականգնման աշխատանքները»,– ասել է Փաշինյանը։

Վարչապետը շեշտել է, որ նախորդ փորձը հաշվի առնելով, չի շտապում լավատեսություն հայտնել, այլ պարզապես արձանագրում է իրողությունը։

«Այս ամենը դեռ պետք է վերահաստատվի և արձանագրվի։ Բայց լավն այն է, որ մենք ֆինանսական հնարավորությունների պրոբլեմ չենք ունենա»,– ասել է Փաշինյանը` ակնարկելով ծրագրի վերաբերյալ միջազգային կառույցների հետաքրքրվածութոյւնն ու Հայաստանի` ներկա պահին բավական բարձր մակարդակի վարկային հնարավորությունները։

Նշենք, որ ՏԿԵ նախարարությունը ծրագրի արժեքը շուրջ 226 մլն դոլար էր գնահատել, իսկ երկաթուղու ֆինանսական եկամտաբերությունը` 5 տոկոս։