գլխավոր Քաղաքականություն Խնդրում եմ` ԱԱԾ–ն ուսումնասիրի այս երևույթը. Քոչարյանը` Վիգեն Սարգսյանի տան վաճառքի մասին

Խնդրում եմ` ԱԱԾ–ն ուսումնասիրի այս երևույթը. Քոչարյանը` Վիգեն Սարգսյանի տան վաճառքի մասին

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը ԱԱԾ–ին խնդրել է ուսումնասիրել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի և «Վիվառո» ընկերության սեփականատետերի ընտանիքի միջև բնակարանի առուվաճառքի գործարքի հարցը։ Այս մասին նա հայտարարել է հանձնաժողովի արտահերթ նիստի ժամանակ։

Վաճառքի գործարքի մասին պարզել է civilnet.am-ը։ Ըստ կայքի՝ Վիգեն Սարգսյանը վաճառել է Երևանի Հյուսիսային պողոտայում իրեն պատկանող երկու բնակարանները։ Դրանց հետ կապված 2019-ի սկզբից հարուցվել է քրեական գործ, բայց ավելի քան երեք տարի շարունակ բնակարանների նկատմամբ կալանք չի դրվել։ Կալանք դրվել է միայն այս տարվա ապրիլի 22-ին՝ բնակարանների վաճառքից մեկ օր հետո, երբ արդեն գործարքներն ավարտված էին։ Գնորդը «Վիվառո» ընկերության սեփականատերերի ընտանիքն է։ Կողմերը մեկ օրվա ընթացքում առուվաճառքի պայմանագիր են ստորագրել, գումարը փոխանցվել է Սարգսյանի ընտանիքին, նոտարը պայմանագիրը վավերացրել է, դիմել են կադաստր գրանցման համար։ Այս ամենից հետո միայն ՔԿ-ն որոշել է գույքը վերցնել կալանքի տակ։

Անդրանիկ Քոչարյանը ցանկանում է, որ պարզվի, թե ինչպես էր հնարավոր նման գործարք իրականացնել, եթե Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցված։

«Խնդրում եմ ազգային անվտանգությանը ուսումնասիրել այս երևույթը։ Դրանք արդեն կրկնվող են։ Տպավորություն է, որ Վիգեն Սարգսյանը Բոստոնում բնակարանը գնել է շատ ավելի վաղուց, և այդ գումարների գործարքը տեղի է ունենում մի ընկերության հետ, որը շատ հրատապ` 1 օրում, գումարներ է փոխանցում ՀՀ սահմաններից դուրս։ Սա նշանակում է, որ տվյալ ընկերության և պաշտպանության նախկին նախարարի միջև, բացի գույքային պատմությունից, կան նաև այլ պատմություններ, որոնք արժե ուսումնասիրել»,– ասել է Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի ղեկավարը նաև խնդրել է ավելի ուշադիր լինել նման երևույթների նկատմամբ։

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանին մեղադրում են Աջափնյակ վարչական շրջանի բազմաբնակարանային շենքում բնակարաններ բաժանելու գործընթացին միջամտելու մեջ։