
Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Մասնավորապես, ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 40 կմ հատվածում Opel Zafira մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտու երկաթբետոնե արգելապատնեշներին, ապա դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով հայտնվել Վեդիի կամրջի տակ։
«Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց»,–գրում է կայքը։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը, ուղղել ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը։