գլխավոր Հասարակություն Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի

Երևանում մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը կարգելվի

 Երևանում կարգելվի մասնավոր անձանց կողմից հրավառությունների իրականացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ Երևանի ավագանու նիստում նախագիծը ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալ  Տիգրան Ավինյանը:

Նախագծի համաձայն՝ Երևան քաղաքում առկա է երկու վայր, որտեղ կարող է հրավառություն իրականացվել: Դրանք են՝  Հանրապետության հրապարակն ու Ազատության  հրապարակը:

«Միևնույն ժամանակ, հրավառության իրականացումն այդ վայրերում թույլատրվելու է միայն  տոն օրերին և տեղական և պետական ինքնակառավարման մարմինների նախաձեռնությամբ»,-ասել է նա:

Ավինյանը նշել է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ կարող են լինել նաև առանձին, բացառիկ միջոցառումներ, նման դեպքերի համար հրավառություն կարող է իրականացվել քաղաքապետի թույլտվությամբ՝ նաև ոչ տոնական օրերին և ոչ վերը նշված հրապարակներում:

«Նախատեսվելու է նաև  հրավառ նյութերի ներմուծման արգելք՝ բացառությամբ հատուկ լիցենզավորված կազմակերպությունների»,-հավելել է փոխքաղաքապետը՝ ընդգծելով, որ բացի ավագանու այս որոշումից, կա նաև օրենսդրական փաթեթ, որն այսօր դրվել է շրջանառության մեջ և որն առհասարակ արգելում  է հրավառությունների ներմուծումը:

Երևանի ավագանին միաձայն կողմ է քվեարկել նախագծին: Նախագծին կողմ է արտահայտվել ավագանու 47 անդամ: