գլխավոր Գլխավոր Էրդողանը Պուտինին առաջարկել է միասին լուծել Արցախյան հիմնախնդիրը

Էրդողանը Պուտինին առաջարկել է միասին լուծել Արցախյան հիմնախնդիրը

Ռուսական ՌԻԱ նովոստի գործակալությունը հաղորդում է, որ Էրդողանը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում առաջարկել է Պուտինին միասին լուծել Արցախյան հիմնախնդիրը։

«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։ Մենք ասել ենք՝ եկեք Կովկաս, լուծեք այս հարցը։ Եթե ցանկանում եք, մենք միասին կարող ենք լուծել հարցը։ Դուք խոսեք ձեր գործընկերների հետ, մենք՝ մեր։ Թող մեր ԱԳՆ ղեկավարներն ու մյուսները նույնպես խոսեն միմյանց հետ։ Կարևորը հասկանանք՝ մենք կլուծե՞նք այս հարցը, թե՝ ոչ։ Եկեք վերջ տանք այս ամենին։ Մենք ազնիվ ենք, համոզված ենք, որ դուք էլ»,-ասել է Էրդողանը «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ ելույթի ժամանակ։

«Մեզ ասում են՝ դուք Մերձավոր Արևելքից զինյալներ եք ուղարկում Ադրբեջան։ Ես էլ պատասխանեցի հարգարժան Պուտինին, որ հիմա Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ավելի քան 2 հազար անդամ կռվում են Հայաստանի կողմից։ Նրանց ամսական 600 դոլար են վճարում։ Նա պատասխանեց, որ այդ մասին ոչինչ չգիտի, դե ես էլ նրան տեղեկացրի»։

Փաստացի Էրդողանը չի հերքել, որ զինյալներ է ուղարկում Ադրբեջան։ Ինչ վերաբերում է ՔԱԿ-ի զինյալներին, թուրքական և ադրբեջանական կողմն ավելի վաղ տարածում էին եզդիական ջոկատների լուսանկարներն ու պնդում, որ նրանք Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամներ են։ Այսինքն՝ եզդիներին փորձում են ներկայացնել քրդերի տեղ։

Նկատենք, որ ավելի վաղ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Պուտին-Էրդողան հեռախոսազրույցը, նշել էր, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Թուրքիայի մասնակցության հարցը զրույցի օրակարգում չի եղել։