
Կերակրի սոդային գործածությունը ստամոքսի այրոցի դեմ պայքարի ամենատարածված միջոցներից մեկն է, սակայն այս մեթոդը կարող է հանգեցնել ստամոքսի խոցի ու քաղցկեղի զարգացման։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է գաստրոէնտերոլով Սերգեյ Վյալովը։
Բժշկի խոսքով՝ սոդայի գործածությունն ուտելուց հետո ի հայտ եկող տհաճ զգացողություններից ազատվելու համար անարդյունավետ է, քանի որ այն միայն կարճատև ազդեցություն է ունենում։ Այն չի ազատում պատճառից, որով էլ պայմանավորված է լինում ստամոքսից թթվի արտանետումը կերակրափող։
«Ստամոքսից թթվի մշտական արտանետումը կերակրափող վնասում ու բորբոքում է դրա լորձաթաղանթը։ Կարճաժամկետ հեռանկարում դա կարող է հանգեցնել խոցերի, արյունահոսության, սպիացման, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ կերակրափողի քաղցկեղի: Գոյություն ունի բուժում, որը կարող է ձեզ ազատել այս բարդություններից, սակայն սոդան անզոր է դրանց դեմ, քանի որ այն գործում է շատ կարճ ժամանակահատված՝ նույնիսկ ոչ թե ժամեր, այլ րոպեներ», – նշել է բժիշկը։
Սոդայի կանոնավոր գործածությունը հանգեցնում է գազերի ավելորդ կուտակման։ Ավելին՝ բժշկական պրակտիկայում եղել են դեպքեր, երբ սոդայի ընդունումը հանգեցրել է ստամոքսի պատի թափածակման։ Բացի այդ, սոդան մեծացնում է աղաթթվի արտադրությունը, որը ներսից քայքայում է ստամոքսի հյուսվածքները։
«Այրոցի ժամանակ անընդհատ սոդայի լուծույթ խմելու դեպքում արյունը հիմնայնանում է։ Ոչ այն աստիճանի, որ հայտնվեք ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, սակայն բավական է լինում մեզի հիմնայնությունը բարձրացնելու համար։ Իսկ եթե դա մշտական բնույթ ստանա, ապա երիկամներում կառաջանան ֆոսֆատային քարեր, որոնք հնարավոր չէ լուծել և կարող են միայն հեռացվել»,- հավելել է գաստրոէնտերոլոգը՝ նշելով, որ ստամոքսի այրոցի հաճախակի նոպաների դեպքում հարկավոր է դիմել մասնագետին ու հետևել նրա ցուցումներին, որոնք կօգնեն ազատվել տհաճ խնդրից առանց առողջությանը վնաս հասցնելու։