գլխավոր Գլխավոր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխությունը անհերքելի հարց են. Իրանի փոխարտգործնախարար

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխությունը անհերքելի հարց են. Իրանի փոխարտգործնախարար

Իրանի նախագահի հատուկ բանագնաց, այդ երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաղչին այսօր ժամանել է Բաքու՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և հակամարտության կարգավորման Իրանի Իսլամական Հանրապետության ծրագիրը: Այդ մասին տեղեկացնում է իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը:

Իրանցի պաշտոնյան իր այցի հիմնական նպատակն է համարում ռազմական գործողությունները դադարեցնելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը վերականգնելու իրանական ծրագրի ներկայացումը:

«Ադրբեջանական հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների և մարդու իրավունքների պաշտպանությունը համարվում են Իրանի ծրագրի հիմնական գործոնները», — ասել է իրանցի դիվանագետը՝ ավելացնելով, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով:

Նա նաև իրանական ծրագրի մեկ այլ առանցք է համարել ռազմական գործողությունների դադարեցումը և ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների վերսկսումը՝  նշելով, որ Իրանը մտադիր է խորհրդակցել տարածաշրջանային երկրների հետ իր ծրագրի վերաբերյալ:

Արաղչին Իրանն ու Ադրբեջանը անվանել է երկու բարեկամ երկրներ՝ հավելելով, որ Թեհրանը սատարում է օկուպացված հողերն ու քաղաքներն ազատագրելու Բաքվի ջանքերին: «Ադրբեջանի և այլ երկրների տարածքային ամբողջականությունը և սահմանների անփոփոխությունը անհերքելի հարց են», — շեշտել է Իրանի փոխարտգործնախարարը:

Բաքվում Իրանի հատուկ բանագնացի հանդիպումների օրակարգում են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպումները :

Բացի Բաքվից՝ Արաղչին կայցելի Մոսկվա, Երևան և Անկարա՝  ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իրանական նախաձեռնությանը: