գլխավոր Իրավունք Հրամանատարը տեղ չի հասել զրահատեխնիկայի խափանման պատճառով, մեղադրում են՝ Ջալալ Հարությունյանը չի...

Հրամանատարը տեղ չի հասել զրահատեխնիկայի խափանման պատճառով, մեղադրում են՝ Ջալալ Հարությունյանը չի ստուգել զրահատեխնիկան, բանակի հրամանատարը պետք է գնա՝ զրահատեխնիկա ստուգի՞․ պաշտպան

Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը երկու դրվագից է բաղկացած: Առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոներից մեկում տեղի ունեցած հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։ Գրում է Tert.am-ը։

Ըստ մեղադրանքի՝ Ջալալ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է հակահարձակողական օպերացիա այն պայմաններում, երբ ուժերի հարաբերակցությունը եղել է մեկը հինգին՝ հօգուտ հակառակորդի։ Ըստ նրա՝ հոկտեմբերի 7–ի հակահարձակման օպերացիան նախատեսված գործողություն է եղել փաստաթղթերով։

«Կան հաստատված փաստաթղթեր, որ նախկինում էլ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում հայկական կողմի քայլը պետք է լիներ հակահարձակումը և դա Ջալալ Հարությունյանը չի հնարել», – ասաց պաշտպանը։

Սարդարյանի խոսքով՝ միայն կռվի առաջին ժամերին հակառակորդի 150 հոգանոց խումբ է ոչնչացվել, իսկ հայկական կողմի զոհերի թիվը 12-ից 20-ի շրջանակներում է, բացի այդ, 16 հայ զինվորի շրջափակումից կարողացել են հանել, հակառակորդի զինտեխնիկա է գրավվում։

«Ձախակողմյան հատվածում յուրային ուժերը հասել են Ջաբրայիլ-Հորադիս մայրուղի, մնացել է ամրանալը, ինչը չի կատարվել տարբեր պատճառներով.օրինակ,  հրամանատարական կազմում ունեցել ենք առանցքային հրամանատար, որը տեղ չի հասել, ինչը պայմանավորված է եղել զրահատեխնիկայի չնախատեսված խափանմամբ։ Ինչպե՞ս կարելի է սա կապել բանակի հրամանատարի գործողությունների հետ։ Հիմա մեղադրանքում գրում են, ասում են՝ Ջալալ Հարությունյանը չի ստուգել զրահատեխնիկայի վիճակը, հարգելինե՛րս, բանակի հրամանատարը պետք է գնա զրահատեխնիկան հատ-հատ ստուգի՞։ Ներկայացվել է, որ 90 տոկոսից բարձր պատրաստ վիճակում են եղել բոլոր տեխնիկաները, այս իրավիճակում բանակի հրամանատարը ինչպե՞ս կարող է պատասխանատու լինել, որ տեխնիկայի խնդիր է եղել, դրա պատասխանատուներին այլ տեղ է պետք փնտրել», – ասաց պաշտպանը։