գլխավոր Տարածաշրջան Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ. նրան խիստ բողոք է ներկայացվել

Իրանում Ադրբեջանի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ. նրան խիստ բողոք է ներկայացվել

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թեհրանում Ադրբեջանի Հանրապետության դեսպանին՝ բողոքի նոտա հանձնելու այդ երկրի պաշտոնյաների և լրատվամիջոցների կողմից Իրանի դեմ իրականացվող քարոզչական արշավի կապակցությամբ։

Իրանի ԱԳՆ-ն իր խիստ բողոքն է հայտնել ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների «ոչ բարեկամական արտահայտությունների» և այդ երկրի լրատվամիջոցների հակաիրանական արշավի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել նման գործողությունները և ձեռնարկել արդյունավետ միջոցներ՝ կանխելու նման միտումի կրկնությունը։

Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել ստեղծված իրավիճակի համար և խոստացել Իրանի բողոքն անհապաղ փոխանցել Բաքվի իշխանություններին։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Իրան-Ադրբեջան հարաբերություններին այն համատեքստում, որ վերջերս Թեհրանը հայտարարել էր, որ Իրանում ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է:

Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Միացյալ Նահանգները կկարողանա՞ կանգնել և պաշտպանել հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ։

«Աճող հռետորաբանություն կա նաև Իրանից դեպի հարևան երկրներ, ինչպիսին է Ադրբեջանը: Նրանք  սպառնում են վերջերս: Նրանք նաև մի հայտարարություն են արել՝ մեղադրելով Ադրբեջանին Իրանի տարածքում ահաբեկչություն իրականացնելու համար։ Կկարողանա՞ Միացյալ Նահանգները կանգնել և պաշտպանել այդ հարևան երկրներին, եթե Իրանը շարունակի իր հռետորաբանությունը նրանց դեմ», – հետաքրքրվել է լրագրողը։

«Մենք շատ պարզ ասել ենք, որ Իրանը սպառնալիք է տարածաշրջանի համար: Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանը և իր տարածաշրջանում և գուցե դրանից դուրս», – ասել է Փրայսը: